Little Angels Saturday School «Փոքրիկ հրեշտակներ» Շաբաթօրյա դպրոց

Skip to main content
Main Menu Toggle

Տնօրենի ողջույնի խոսքը

Սիրելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի վեբ կայքում։ Մեր վարժարանը գործում է ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանի հովանու ներքո, Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում։ Այստեղ հայ մանուկները սովորում են իրենց ոսկեղենիկ մայրենի լեզուն, հազարամյա մշակույթը, ավանդությունները, կրոնը․․․ Տարիների հեռավոր հոլովույթից անցնելով՝ կրթօջախն իր տված բարձր գիտելիքներով հեղինակություն է վայելում ոչ միայն համայնքում, այլև նրա սահմաններից դուրս։
Կրթօջախում աշխատում են արհեստավարժ նվիրյալներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայ աշակերտի դաստիարակության ու հայեցի կրթության համար։ Մենք օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները որպեսզի մեր դասերը լինեն հետաքրքիր, օգտակար և մնայուն։
Մեր նպատակն է, հայ աշակերտին սովորեցնել կարդալ, գրել, հասկանալ և խոսել հայերեն, որպեսզի վաղը ազգային բարձր գիտակցությամբ ու հպարտությամբ համալրեն մեր Հայրենիքի արժանավոր քաղաքացիների շարքերը։
Փոքրի՜կ հրեշտակներ, մենք սիրում ենք ձեզ։
Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ,
<<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի տնօրեն

Կենսագրական գծեր

Հովհաննես սարկավագ Գումրույանը ծնվել է ՀՀ Վանաձոր (Կիրովական) քաղաքում՝ մտավորականի ընտանիքում։
1985-95 թթ․ սովորել է ծննդավայրի Մ․ Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցում։ Վաղ պատանեկությունից ծառայել է Վանաձորի Ս․ Աստվածածին եկեղեցում։
1997-2003թթ․ բարձր առաջադիմությամբ սովորել է Մայր Աթոռ Ս․ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա 2003-2006 թթ. իր բանասիրական որակավորումն է ստացել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ Ճեմարանական տարիներին ակտիվորեն մասնակցել է պրոֆեսոր Տիգրան Ավետիսյանի <<Հայ Ազգանունների բառարան>>-ի կազման գիտական խմբի աշխատանքներին։
2004-2008 թթ․ ղեկավարել է Վանաձորի Գերմանական կենտրոնի կրթական ծրագրերի բաժինը և եղել է <<ԳՆՊ>> բարեգործական հիմնադրամի համակարգչային կենտրոնի հիմնադիր տնօրեն։
2006-2008 թթ․ դասախոսել է Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում։
2008 թ․-ից ծառայում է ԱՄՆ Արևմտյան թեմում։ Երկար տարիներ իր ծառայությունն է բերել Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցում։
2010-2021 թթ. աշխատել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում, որպես հայերենի և հայոց պատմության ուսուցիչ։
2010 թ․-ից ղեկավարում է Բրբենքի Առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարի <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը։
2017 թ․-ից նշանակվել է ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ։ Ուսանողության տարիներից թղթակցում է Հայաստանի և սփյուռքի թերթերին, տարբեր հաստատություններում հանդես է եկել դասախոսություններով։ Գիտակրթական գործունեության համար բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի։

Հովհաննես սարկավագ Գումրույանի տնօրենության շրջանում <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը դարձել է աշխարհի ամենամեծ միօրյա վարժարանը, ուր այսօր սովորում են 300-ից ավել աշակերտ։ Իր ղեկավարությամբ բարեկարգվել և արդիականացվել են կրթական ծրագրերը։
2015 թ․-ին դպրոցը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված մրցույթի և արժանացել «Մայրենիի Պաշտպան» (կազմակերպություն) անվանակարգում Առաջին Կարգի մրցանակի։

Իր անմիջական մասնակցությամբ հիմնադրվել և ամենամյա ավանդույթ է դարձել Արևմտյան թեմի հայկական դպրոցների հայերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և իրականացումը։ Հովհաննես սարկավագ Գումրույանն իր անբասիր գործունեությամբ նպաստում է Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդման, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործին։ Համակողմանի մասնագիտական գործունեությամբ բարձր է պահում Հայաստանի Հանրապետության և Հայ եկեղեցու հեղինակությունը՝ իր զգալի ավանդը բերելով հայապահպանության ու ազգային արժեքների պահպանմանը։